воскресенье, 5 февраля 2012 г.

Սիրո խոստովանություն

Ես քեզ սիրում եմ:
Բայց դու ինձ անգամ չես էլ ճանաչում:Իսկ ես հասցրել եմ իմանալ քո մասին ամեն ինչ:Գուցե չէիր սպասում,որ կգրեմ քեզ,այն էլ այստեղից:Բայց ուզում եմ իմանաս,թե որքան եմ քեզ սիրում:Ախ գոնե իմանայիր իմ գոյության մասին:Գոնե մեկ անգամ տեսնեիր աչքերս,երբ քեզ եմ նայում:Լսեիր սրտիս զարկերը,երբ լսում եմ ձայնդ:Հատկապես այն ժամանակ,երբ պատահաբար ինձ ես կանչում:Սակայն իրոք պատահաբար:Ամեն անգամ ես շրջվում եմ և հասկանում,որ ինձ հետ չէիր:Ապա ինքս ինձ հարցնում եմ,թե ինչպե՞ս կարող էր ինձ հետ լիներ,ախր նա ինձ անգամ չի ճանաչում:
Սիրելիս ես կողքիդ եմ ամեն ժամանակ,բայց դու ինձ չես նկատում:Քանի անգամ է ամեն ինչ անում եմ,որ իմանաս իմ մասին,իմ սիրո մասին,սակայն դու խուսափում ես,անգամ խոսել չես ցանկանում այդ մասին:Բայց կսպասեմ.համբերատար եմ:Կսպասեմ,որովհետև չեմ կարող պատկերացնել ինձ առանց քեզ:Կսպասեմ,որովհետև իմ սերը վերջ չունի,իմ սերը դեռ տեղ չունի:Իմ սերը լուռ է,բայց լուռ չէ:Այն հուր է,բայց մուր չէ:Իմ սերը նոր չէ,բայց հին էլ չէ:Այն դեռ վաղուց կանգնած է սրտիդ դիմաց.քո դիմաց:Իմ սերը դուռ է:Դուռ,որ կբերի քեզ իմ աշխարհ:Իմ սիրո աշխարհ:
Այսօր ինչպես միշտ ողջ օրը հետևում էի քեզ:Որոշեցի խոսել քեզ հետ,բայց դու զբաղված էիր:Ընկերներիդ հետ էիր:Հետո նորից փորձեցի խոսել քեզ հետ,բայց դու նորից զբաղված էիր:Դասեր,աշխատանք...Երեկոյան կարծում էի գոնե կկարողանամ վերջապես խոսել քեզ հետ,պատմել քեզ իմ մասին:Բայց դու հոգնած էիր:Որոշել էիր այսօր շուտ քնել:Ափսոս:Այսօր էլ չիմացար իմ մասին:Իհարկե սրտատրոփ սպասում եմ վաղվան,բայց երբ հիշում եմ,որ այսօր 3650-րդ օրն էր,որ նույն կերպ ավարտվեց և դու այդպես էլ թույլ չտվեցիր,որ քեզ ծանոթացնեմ ինձ հետ:Պատմեմ,թե ինչպես ամեն օր,երբ արթնանում ես,սկսում ես օրդ,ես շունչս պահած սպասում եմ,թե գոնե այս անգամ կնկատի՞ ինձ կամ գոնե կբարևի՞:Եվ այդպես ամբողջ օրը:Ամեն վայրկյան սպասում եմ,թե երբ ես նկատելու,որ միշտ կողքիդ եմ:
Ախ գոնե իմանայիր,որ միշտ կողքիդ եմ:Որ միշտ լսում եմ,որ միշտ տեսնում եմ:Որ քեզ սիրում եմ:Սիրում եմ այնքան,որ պատրաստ եմ կյանքս տալ քեզ համար:Պատրաստ եմ անգամ որդուս,միածին որդուս կյանքը տալ քեզ համար:Եվ ես դա արդեն վաղուց ապացուցել եմ:Դու այդքան թանկ ես ինձ համար:Այնքան թանկ,որքան իմ միածին որդին,որքան նրա քեզ համար թափած արյունը:
Ես քո կողքին եմ միշտ:Խոսիր ինձ հետ:Ես քեզ լսում եմ,ես ճանաչում եմ քո ձայնը:Ես պատրաստ եմ քեզ համար անել ամեն բան:Միայն թե փորձիր ճանաչել ինձ:Փորձիր ճանաչել այնպես,ինչպես ես եմ քեզ ճանաչում:Սկսած այն վայրկյանից,երբ ստեղծում էի քեզ,մինչև այս ակնթարթը:
Հիշիր ես քեզ սպասում եմ...

Սիրով քո Արարիչ...


3 комментария:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ОтветитьУдалить
  2. Hzoraaaaaaaaaa!!!!!!!!!!! Shaaat-Shaaat durs ekav....Iroq voncvor Astvac grac lini ))))))Astvac qez tox shaaat shaaat orhni Johnchristian jan.........

    ОтветитьУдалить