пятница, 10 февраля 2012 г.

Քրիստոսի եկեղեցու ճշմարիտ կեցվածքը


Հասկանալու համար,որ մի կառույց իրականում եկեղեցի է,թե ոչ,ավելի ճիշտ Աստծո եկեղեցի է,թե ոչ,բացի վերջինիս դավանաբանական ճշմարտություններից հարկավոր է հաշվի նստել նաև նրա հետ,թե ինչ առաքելություն է եկեղեցին իր առջև դրել:Թե ինչ առաքելություն է այն կատարում,կարևոր չէ այն իրականում գիտակցում է դա,թե ոչ:Սակայն վերջինիս վերլուծության համար նախևառաջ հարկավոր է հասկանալ,թե որն է եկեղեցու գործունեության գերնպատակը:
Իհարկե քաջատեղյակ ենք,որ եկեղեցին քարե անշունչ շինությունները չեն,այլ մարդիկ են Աստծո կենդանի տաճարը:Եվ վերջինս պետք է իրենից ներկայացնի մի մարմին,որին ինչպես Աստծո խոսքն է ասում Մաթևոս 16.17-19-ում,ոչ թե մարմնից և արյունից,այլ Հորից,որ երկնքում է,պետք է հայտնվի Աստծո ճշմարտությունները:Իսկ Հայրը մեզ այն առաջին հերթին կհայտնի Իր Խոսքի`Աստվածաշնչի միջոցով:Այսինքն եկեղեցին,որպես ճշմարտություն և որպես հեղինակություն պետք է առաջին տեղում ունենա ոչ թե հոգևոր հայրերի,սրբերի,անգամ հոգևոր առաջնորդների գրվածքներն ու գաղափարները,այլ միայն ու միայն Աստծո Խոսքը:Իհարկե ասածս այն չէ,որ պետք չէ ընդունել ոչ մի գրվածք բացի Աստվածաշնչից:Խոսքս առաջնային և երկրորդական դասակարգման մասին է:Եվ ահա եկեղեցին իր բոլոր զուգահեռները պետք է անցկացնի Աստվածաշնչով:
Եվ վերջապես եկեղեցին,որպես հոգևոր կառույց պետք է ունենա մեկ գերնպատակ,որն է մարդկությանը կարողանալ ավետարանի տարածման միջոցով ցույց տալ ուղին առ Աստված:Ուղին դեպ փրկություն:Եկեղեցին Աստծունն է,այլ ոչ թե մարդունը:Մարդիկ չպետք է սեփականաշնորհեն եկեղեցին:Չպետք է սահմանափակվեն և մասնավորեցվեն եկեղեցու գործողությունները:Եկեղեցին կոչված է իր ողջ նվիրումով և կարողությամբ ծառայել Աստծուն:Իսկ Աստծուն կատարած ծառայությունն արտահայտվում է մարդուն կատարված ծառայությունով:Եթե այս իրականությունը լավ սերտվի Քրիստոսի եկեղեցիների կողմից այլևս կդադարի պայքարը նրանց միջև:Քանի որ մարդկությանը ծառայություն մատուցողները,պետք է ուրախանան,որ բացի իրենցից կան նաև այլոք,որոնք կլինեն ոչ թե հակառակորդ այլ ծառայակից:Քանի որ այն գործը,որը կատարում է եկեղեցին կոչված է փառավորելու և կատարելու ոչ թե մարդու կամքը,այլ Աստծու:Եվ ճշմարիտ եկեղեցին չպետք է վարձք և ծափահարություններ սպասի մարդկանց կողմից,չնայած,որ այդ բոլոր ծառայությունները տեսանելի մակարդակում կատարում է մարդու համար:Այլ նրա գնահատականի սպասումը պետք է լինի Աստծուց:
Եվ այն արդիական խնդիրը,որի տուժվածն է Հայաստանը և ոչ միայն Հայաստանը,երբ երկրում եղած միևնույն դավանաբանական և հայեցակարգային սկզբունքներ ունեցող եկեղեցիներից մեկը փորձում է ապացուցել,որ ինքը ճշմարիտն է,իսկ մյուսն աղանդ է,փոխարեն վերջինիս համարի իրեն ծառայակից Աստծո գործում և համարի,որպես քույր եկեղեցի,նման է նրան,որ երկու իրար շատ նման զույգ քույրերից մեկը մյուսին ասի գիտես դու տգեղ ես,իսկ ես գեղեցիկ եմ:
Եկեղեցին բիզնես չէ և երբեք կարիք չունի մենաշնորհի:Իսկ եթե մի եկեղեցու ձգտումներն ուղորդում են դեպի մենաշնորհ,ապա ամենաթույլ տրամաբանությունն էլ կարող է հետվերլուծությամբ հասկանալ վերջինիս շեղվածության բնույթը:
Եվ փառք Հիսուսին,որ Նա այնպես չէր մտածում,ինչպես շատուշատ մերօրյա ազգային եկեղեցիներ:Հակառակ դեպքում մենք հայերս այդպես էլ կդատապարտվեինք հեթանոսության,քանի որ ազգությամբ հրեա Հիսուսն ու իր աշակերտներն իրենց աչքերը կուղղեին միայն դեպի հրեաները և մեզ այդպես էլ չէր հասնի ավետարանի բարի լուրը:
Ճշմարիտ եկեղեցիները պետք է,ոչ թե կաշկանդվեն այլ եկեղեցիների գոյությունից,այլ պետք է իրենց ավելի վստահ զգան`գիտակցելով,որ իրենք մենակ չեն այն հոգևոր պատերազմում,որը դժոխքի և նրանում գտնվողի դեմ է,իսկ Աստված էլ խոստացել է,որ դժոխքն Իր եկեղեցուն երբեք չի հաղթելու:
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՅԱՑՔ ՆԵՏԵԼ ԴԵՊԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

воскресенье, 5 февраля 2012 г.

Սիրո խոստովանություն

Ես քեզ սիրում եմ:
Բայց դու ինձ անգամ չես էլ ճանաչում:Իսկ ես հասցրել եմ իմանալ քո մասին ամեն ինչ:Գուցե չէիր սպասում,որ կգրեմ քեզ,այն էլ այստեղից:Բայց ուզում եմ իմանաս,թե որքան եմ քեզ սիրում:Ախ գոնե իմանայիր իմ գոյության մասին:Գոնե մեկ անգամ տեսնեիր աչքերս,երբ քեզ եմ նայում:Լսեիր սրտիս զարկերը,երբ լսում եմ ձայնդ:Հատկապես այն ժամանակ,երբ պատահաբար ինձ ես կանչում:Սակայն իրոք պատահաբար:Ամեն անգամ ես շրջվում եմ և հասկանում,որ ինձ հետ չէիր:Ապա ինքս ինձ հարցնում եմ,թե ինչպե՞ս կարող էր ինձ հետ լիներ,ախր նա ինձ անգամ չի ճանաչում:
Սիրելիս ես կողքիդ եմ ամեն ժամանակ,բայց դու ինձ չես նկատում:Քանի անգամ է ամեն ինչ անում եմ,որ իմանաս իմ մասին,իմ սիրո մասին,սակայն դու խուսափում ես,անգամ խոսել չես ցանկանում այդ մասին:Բայց կսպասեմ.համբերատար եմ:Կսպասեմ,որովհետև չեմ կարող պատկերացնել ինձ առանց քեզ:Կսպասեմ,որովհետև իմ սերը վերջ չունի,իմ սերը դեռ տեղ չունի:Իմ սերը լուռ է,բայց լուռ չէ:Այն հուր է,բայց մուր չէ:Իմ սերը նոր չէ,բայց հին էլ չէ:Այն դեռ վաղուց կանգնած է սրտիդ դիմաց.քո դիմաց:Իմ սերը դուռ է:Դուռ,որ կբերի քեզ իմ աշխարհ:Իմ սիրո աշխարհ:
Այսօր ինչպես միշտ ողջ օրը հետևում էի քեզ:Որոշեցի խոսել քեզ հետ,բայց դու զբաղված էիր:Ընկերներիդ հետ էիր:Հետո նորից փորձեցի խոսել քեզ հետ,բայց դու նորից զբաղված էիր:Դասեր,աշխատանք...Երեկոյան կարծում էի գոնե կկարողանամ վերջապես խոսել քեզ հետ,պատմել քեզ իմ մասին:Բայց դու հոգնած էիր:Որոշել էիր այսօր շուտ քնել:Ափսոս:Այսօր էլ չիմացար իմ մասին:Իհարկե սրտատրոփ սպասում եմ վաղվան,բայց երբ հիշում եմ,որ այսօր 3650-րդ օրն էր,որ նույն կերպ ավարտվեց և դու այդպես էլ թույլ չտվեցիր,որ քեզ ծանոթացնեմ ինձ հետ:Պատմեմ,թե ինչպես ամեն օր,երբ արթնանում ես,սկսում ես օրդ,ես շունչս պահած սպասում եմ,թե գոնե այս անգամ կնկատի՞ ինձ կամ գոնե կբարևի՞:Եվ այդպես ամբողջ օրը:Ամեն վայրկյան սպասում եմ,թե երբ ես նկատելու,որ միշտ կողքիդ եմ:
Ախ գոնե իմանայիր,որ միշտ կողքիդ եմ:Որ միշտ լսում եմ,որ միշտ տեսնում եմ:Որ քեզ սիրում եմ:Սիրում եմ այնքան,որ պատրաստ եմ կյանքս տալ քեզ համար:Պատրաստ եմ անգամ որդուս,միածին որդուս կյանքը տալ քեզ համար:Եվ ես դա արդեն վաղուց ապացուցել եմ:Դու այդքան թանկ ես ինձ համար:Այնքան թանկ,որքան իմ միածին որդին,որքան նրա քեզ համար թափած արյունը:
Ես քո կողքին եմ միշտ:Խոսիր ինձ հետ:Ես քեզ լսում եմ,ես ճանաչում եմ քո ձայնը:Ես պատրաստ եմ քեզ համար անել ամեն բան:Միայն թե փորձիր ճանաչել ինձ:Փորձիր ճանաչել այնպես,ինչպես ես եմ քեզ ճանաչում:Սկսած այն վայրկյանից,երբ ստեղծում էի քեզ,մինչև այս ակնթարթը:
Հիշիր ես քեզ սպասում եմ...

Սիրով քո Արարիչ...